Բիոմետրիկ հաջորդ չափագրությունը բբի չափագրումն է: Մարդու բբի տրամագծի երկարությունը միջինում փոփոխվում է 2-ից 8 միլիմետրի սահմաններում: Չափերի տատանումների գործառույթի շնորհիվ այն ներթափանցող լույսի համար որպես «դարպաս» է ծառայում։
Լույսն աչքի մեջ անցնում է բբի միջով, կիզակետվում է ցանցաթաղանթի վրա հատուկ ոսպնյակի՝ ակնաբյուրեղի շնորհիվ, որը փոխում է իր ձևը, որպեսզի ցանցաթաղանթի վրա պատկերն առավել հստակ ստացվի:
Նկարում տեսնում ենք՝ եղջերաթաղանթի մակերեսի վրա մկանային 2 խումբ գործում են միմյանց հակառակ ուղղություններով, և այդ գործառույթի հետևանքով բիբը լայնանում ու նեղանում է:
Վեգետատիվ նյարդային համակարգի սիմպատիկ ակտիվությունը առաջացնում է բբի լայնացում, իսկ պարասիմպատիկ ակտիվությունը՝ բբի նեղացում: Չնայած որ մեծ կապ կա մարդու ակտիվության հակազդման և բբի չափերի փոփոխությունների միջև, մենք չպետք է մոռանանք, որ այլ գործոններ նույնպես ազդեցություն ունեն բբի չափերի վրա, օրինակ՝ աչքի ճկունությունը վառ կամ թույլ լուսավորության հանդեպ․ երբ կենտրոնական փոսիկը թույլ լուսավորություն է ստանում, մեր բիբը տեսողական սրությունը կարգավորելու համար ավտոմատ կերպով լայնանում է՝ շատ լույս ստանալու նպատակով, և հակառակը:
Կոնկրետ խթանին կամավոր կերպով մեծ ուշադրություն դարձնելը նույնպես մեծ դեր ունի բբի չափերի փոփոխման հարցում: Որոշ հետազոտողներ ցույց են տվել, որ ուշադրության շեղումը դեպի մութ խթանը առաջացնում է բբի լայնացում, իսկ դեպի լուսավոր խթանը՝ բբի նեղացում: Մի շատ հետաքրքիր ուսումնասիրություն էլ պարզել է, որ նույնիսկ երևակայական խթանը նույնկերպ է ազդել բբի չափերի փոփոխման վրա:
Պարզվել է նաև, որ մտավոր աշխատանքը նույնպես ազդեցություն ունի բբի չափերի վրա։ Օրինակ՝ երկու երկնիշ թվերի բազմապատկման ժամանակ բիբն ավելի շատ է լայնացել, քան մտավոր ավելի հեշտ աշխատանք կատարելիս:
Բբի չափերի վրա ազդող վերջին գործոնը ակնկալիքի դերն է՝ թե ինչի իրականացմանն ենք սպասում: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ անսպասելի խթանը առաջացրել է բբի լայնացում, իսկ սպասվածը հակառակ ազդեցությունն է ունեցել:
Այս գործոնները հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ բբի չափերի փոփոխությունը միայն ակտիվության հակազդման հետևանք չէ, այդ իսկ պատճառով նեյրոմարքեթինգային ուսումնասիրություններում պետք է դիտարկվեն թվարկված բոլոր գործոնները:
Իրականացված մեկ այլ հետազոտության շրջանակներում նկարի դիտման ժամանակ իրականացվել է բբի տրամագծի փոփոխության մոնիթորինգ՝ գնահատելու համար հիդոնիկ վալենտության (հույզերի ուղղվածությունը․ դրական՝ անակնկալ, ուրախություն, բացասական՝ զզվանք, տխրություն) ազդեցությունը և բբի պատասխանները հուզական հակազդումներին։ Չափագրվել է վեգետատիվ (autonomic) ակտիվությունը (սրտի աշխատանքը և մաշկի էլեկտրական ակտիվությունը՝ ՄԷԱ)՝ հասկանալու համար՝ բբի փոփոխությունները կարգավորվում են սիմպատիկ, թե պարասիմպատիկ բաժնի կողմից: Հետևելով լուսային ռեֆլեքսներին՝ նկատվել է, որ բբի փոփոխություններն ավելի ակնհայտ են առավել հուզական նկարներ դիտելիս՝ թե՛ հաճելի, և թե՛ տհաճ նկարների դեպքում։ Նկարի դիտման ժամանակ բբի փոփոխությունները մաշկի էլեկտրական ակտիվության համադրմամբ օգնում են մեկնաբանել, որ սիմպատիկ նյարդային համակարգը ազդեցիկ նկարի դիտման ժամանակ սիստեմատիկ կերպով մոդուլացնում է այս փոփոխությունները:
Ինչպես և ակնկալվում էր, հետազոտության սկզբում նկարը դիտելիս բբի տրամագծի նեղացումը մեծ կապ է ունեցել լուսավորության հետ։ Հաստատվել է, որ սկզբնական լուսային այս ռեֆլեքսները չեն փոփոխվել նկարի բովանդակության շնորհիվ` թույլ տալով գնահատել հույզերը բբի փոփոխության վրա։ Հաշվի առնելով սկզբնական լուսային ռեֆլեքսները՝ տվյալները պարզ ցույց են տվել, որ բիբն ավելի լայնացած է եղել, երբ մասնակիցները դիտել են տհաճ կամ հաճելի նկարներ՝ ի համեմատություն չեզոք նկարների: Բբի տրամագիծը լայնանում է՝ նաև ներգրավող ձայներ լսելով՝ ի տարբերություն չեզոք ձայների: Այսինքն՝ ակտիվության հակազդումը դրդում է բբի լայնացման, նույնիսկ երբ ընկալման կոնտեքստը տեսողական չէ:
Ի սկզբանե հետազոտությունը պարզել է, որ բբի չափի ամենամեծ փոփոխությունը, սրտի աշխատանքի դանդաղմանը զուգահեռ, դրսևորվում է տհաճ նկարի նայելիս։ Սակայն ավելի ուշ կատարված ուսումնասիրություններում այս էֆեկտները չեն կրկնվել և կարող են արտացոլել նկարների ընտրության տարբերությունները։ Այսպիսով, մինչդեռ ներկա ուսումնասիրության մեջ հաճելի և տհաճ նկարները հուզական հակազդման համար համընկել են, հակազդման մակարդակը հետազոտողների կողմից չի դիտարկվել։ Չնայած որ նկարների շարքում սովորաբար մեծ հակազդում առաջացնող հաճելի խթաններ են ներառված եղել (օրինակ՝ խոտերի վրա պառկած կիսամերկ, գեղեցիկ մոդել), որոշ հաճելի նկարներ (օրինակ՝ ավազե արձանիկ՝ մերկ կնոջ կերպարով) ակտիվության հակազդման առումով բարդ է եղել բնութագրել, իսկ այլ նկարներ (օրինակ՝ գնացք) չեն դիտարկվել որպես հաճելի:
Քանի որ սրտի աշխատանքի ամենանկատելի դանդաղումը գրանցվել է տհաճ նկարներ դիտելիս, սրտի աշխատանքի և բբի չափի փոփոխության միջև զուգորդումը հավանական է, երբ հաճելի նկարները խթանների հավաքածուում լավ ներկայացված չեն։ Հետազոտությունը ցույց է տվել, որ մաշկի էլեկտրական ակտիվությանը համատեղ՝ բբի փոխոխությունները հաստատում են հիփոթեզը, որ բբի տրամագիծը նկարը դիտելիս գերակշռորեն արտացոլում է սիմպատիկ նյարդային համակարգի ակտիվությունը:
0 Comments