Ավելի մանրամասնորեն անդրադառնանք նշաձև կորիզի և հարճակատային կեղևի գործառնական դերին որոշում ընդունելիս: Արդեն քննարկել ենք, որ սրանք ուսուցման համար գլխավոր շրջաններն են․ նշաձև կորիզը ներգրավված է բացասական արդյունքները սովորելու պրոցեսում, իսկ ճակատային կեղևը պատասխանատու է աշխատանքային հիշողության, այսպես ասած՝ արագ սովորելու համար, ինչը կարող է արագ թարմացնել կոնկրետ ընտրության կամ օբյեկտի արժեքները: Հարճակատային կեղևը համեմատում է, ինտեգրում արդյունքներին վերաբերող բազմաթիվ տեղեկություններ և ստեղծում է արժեք որոշման ընդունման պրոցեսի համար։ Այս շրջանը պատասխանատու է նաև հուզական արագ ուսուցման համար:
Հայտնի նեյրոգիտնական Անտոնիո Դամացիոյի կողմից կատարված գիտափորձի օրինակով տեսնենք, թե ինչպես է ուսուցման այս պրոցեսն ազդում մեր որոշման ընդունման վրա: Դիտարկենք Էլիոթի օրինակը: Նա հաջողակ լիդեր էր, ուներ բարձր IQ, բոլոր հատուկ առաջադրանքները՝ կապված ինտելեկտի, հիշողության, կարդալու, գրելու, դիմային ճանա-չողության կարողությունների հետ, կատարում էր բարձր մակարդակով։ Երբ իր վաղ՝ 35 տարեկան հասակում հայտնաբերվեց ուղեղի քաղցկեղ, և վիրահատությունից հետո ճակատային կեղևի փորային հատվածից մի փոքր մաս հեռացվեց, նա սկսեց անոմալ որոշումներ կայացնել, մի քանի ամսում լքեց իր աշխատանքը, բաժանվեց կնոջից և ամուսնացավ մարմնավաճառի հետ, որի հետ ևս երկար չապրեց:
Այսպես, Անտոնիոն սկսեց հետազոտել նման խնդրով հիվանդներին: Նա գտավ հարճակատային կեղևի միջային հատվածի վնասվածք ունեցող մի շարք հիվանդների, որոնք բոլորն ունեին միջին և միջինից բարձր ինտելեկտ, հույզեր չէին արտահայտում, ավելի շատ ռացիոնալ էին և խնդիր ունեին հասկանալու ուրիշների հույզերը։ Այլ կերպ ասած՝ այս ինտելեկ-տուալները ունեին ռացիոնալ մտածողություն, բայց առանց հույզերի ընդունում էին աղետալի որոշումներ:
Անտոնիոն առաջ բերեց «Սոմատիկ մարկեր»-ի (Somatic marker) հիփոթեզը, որում ասվում է, որ մենք կիրառում ենք մեր հույզերը արագ որոշումներ կայացնելու համար՝ փոխկապակցված տարբերակների միջև երկար որոնումներ կատարելու փոխարեն։
Մեկ այլ գիտափորձ է կատարվել ճակատային կեղևի փորային հատվածում խնդիր ունեցող հիվանդների մասնակցությամբ՝ կիրառելով խաղային առաջադրանք: Այս առաջադրանքում հետազոտվողը պետք է ընտրի քարտ 4 քարտատուփերից մեկից։ Քարտատուփ Ա-ն և Բ-ն աննպաստ են, ընտրելով այս տուփերից՝ մասնակիցները նախ գումար կշահեն, բայց խաղի վերջում կկորցնեն ավելի մեծ գումար: Քարտատուփ Գ-ն և Դ-ն նպաստավոր են, այսինքն՝ հնարավոր է շահել ոչ մեծ գումար, սակայն խաղը կավարտվի առանց կորստի: Ուղեղի հետ խնդիր չունեցող հետա-զոտվողները սովորում են, որ Գ-ն ու Դ-ն նպաստավոր են, և ընտրում են դրանք, սակայն նշաձև կորիզի և հարճակատային կեղևի միջային հատվածի վնասվածքով հիվանդները շարունակում են ընտրել աննպաստ քարտա-տուփերից և կորցնել գումար:
«Մաշկ-գալվանական հակազդման» մեթոդով հնարավոր է հասկանալ մարդու հուզական հակազդումը, մինչև նա կհանի քարտը քարտատուփի միջից, և սա կլինի պարգևի և պատժի հետ կապված հուզական պատասխանը: Այս չափագրությունը արվել է մի քանի խմբերի մասնակցությամբ, այդ թվում՝ առանց ուղեղի խնդիր ունեցողների: Երբ հետազոտվողները կանխատեսել են արդյունքները նպաստավոր և ան-նպաստ քարտերն ընտրելիս, հուզական հակազդումները տարբեր խմբերի միջև տարբեր են եղել: Առողջ հետազոտվողների մոտ ակտիվության հակազդումը բարձր է եղել, և նրանք սպասել են աննպաստ քարտերից ստացվող արդյունքին։ Սակայն նման ակտիվություն չի նկատվել նշաձև կորիզի և հարճակատային կեղևի վնասվածքով հիվանդների մոտ: Այսպիսով երևում է, որ արդյունքը կանխատեսելիս առողջների հուզական համակարգն ազդարարել է ռիսկերի մասին՝ կապված այդ արդյունքի հետ, հուզական կողմնակալություն է ձևավորվել նրանց մոտ, նույնիսկ մինչև նրանք կարող էին գիտակցաբար բացատրել նպաստավոր և աննպաստ քարտատուփերի տարբերությունները: Ի հակադրություն նկարագրվածի՝ հիվանդների մոտ երկու քարտատուփերի դեպքում էլ ոչ մի տարբերություն չի գրանցվել․ նրանց մի մասը գիտակցաբար բացատրել և մատնանշել է՝ որոնք են ամենալավ և ամենավատ քարտատուփերը։ Եթե նայենք վարքային պատասխաններին, նրանք որևէ քարտատուփի նկատմամբ նախընտ-րություն չեն ցուցաբերել, այսինքն՝ նրանք չեն ընդունել որոշումներ իրենց իսկ տված բացատրության հիման վրա: Այսպես, այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հույզերը ապահովում են ռացիոնալ և օպտիմալ որոշումները:
Հաջորդ հետազոտությունը խոսում է հենց այն մասին, որ հույզերը միջամտում են օպտիմալ որոշումների կայացմանը: Մասնակիցներից յուրաքանչյուրին տրվել է սկզբնական 20$։ Նրանք ունեին երկու տարբերակ` ներդնել 1$, ինչի դեպքում 50% հավանականությամբ կշահեին 2.5$ և 50% հավանականությամբ կկորցնեին 1$-ը։ Կար նաև տարբերակ՝ ներդրում չանել և պահել 1$-ը: Այստեղ առավել օպտիմալ էր ռիսկային ընտրություն կատարելը: Վնասվածք չունեցող մասնակիցները սկզբում շատ ներդրումներ են կատարել, բայց որոշ ժամանակ հետո առերեսվել են կորստի հետ և սկսել ռիսկի չգնալ՝ քչացնելով ներդրումները: Սակայն հարճակատային կեղևի վնասվածքով մասնակիցների մոտ այս տենդենցը չի նկատվել․ նրանք չեն արձագանքել բացասական արդյունքներին և շարունակել են ներդնել, արդյունքում առաջադրանքի վերջում ավելի շատ գումար են վաստակել, քան ոչ հիվանդ մասնակիցները:
Այսպիսով, հիվանդները, որոնք չեն սովորում բացասական արդյունքներից, նաև չեն ազդվում այդ արդյունքների հետ զուգորդվող հուզական պատասխաններից, հետևաբար չեն փոխում վարքի ռազմա-վարությունը:
Այսպիսով, որոշ իրավիճակներում հույզերը կարող են միջամտել օպտիմալ որոշումների կայացմանը: Ամփոփելով կարող ենք ասել, որ նշաձև կորիզը և հարճակատային կեղևը, որոնք ընդգրկված են հուզական ուսուցման մեջ, կարևոր դեր են խաղում որոշումներում` թարմացնելով արժեքները՝ կապված կոնկրետ ընտրության հետ:
| Շրջանը | Հիմնական գործառույթը |
| Զոլավոր մարմին (Ventral striatum, N/A nucleus accumbens) | Արժեքի կանխատեսում |
| Հարճակատային կեղև / ճակատային կեղևի միջային փորային հատված Orbitofrontal cortex /Ventromedial prefrontal cortex | Ինտեգրված ազդանշանային արժեքների ստացում, արժեքների ուսուցում |
| Կղզյակ Insular cortex | Հուզական ուսուցում, ներգրավված է վախի հակազդումներում |
| Նշաձև կորիզ Amygdala | Հատուցման / գնի կանխատեսում, հույ-զերի հիման վրա ուսուցում (օրինակ՝ վախի պայմանավորում) |
| Գոտկային գալար Cingulate cortex | Կոնֆլիկտների մոնիթորինգ, վարքագծի ճշգրտում |
| Ճակատային կեղևի գագաթային կողմնային հատված Dorsolateral prefrontal cortex | Գիտակցական վերահսկում և պլանա-վորում |
Հաջորդիվ կխոսենք ռիսկային իրավիճակներում որշում կայացնելիս այս շրջանների դերի մասին
0 Comments