Բազմիցս քննարկվել է, որ տարբեր մշակույթների ներկայացուցիչներ ունեն գիտակցական տարբերվող գործընթացներ: Օրինակ՝ հյուսիսամերիկացիներն ավելի վերլուծող են, քան Արևելյան Ասիայի բնակիչները։ Սա նշանակում է, որ Հյուսիսային Ամերիկայի բնակիչներն ավելի շատ ուշադրություն դարձնում են կիզակետային օբյեկտներին՝ վերլուծելով դրանց հատկանիշները, դասակարգելով դրանք և առաջնահերթ նշանակություն տալով ընդգծված օբյեկտներին (ներառյալ՝ մարդկանց): Մինչդեռ Արևելյան Ասիայի բնակիչները ավելի հոլիստիկ (պատկերները նկատում ու գնահատում են կոնտեքստում և ընկալում են ամբողջական՝ վերլուծելով դրանց հետ կապված բոլոր մանրամասները) են և ավելի մեծ հավանականությամբ ուշադրություն կդարձնեն կոնտեքստային տեղեկատվությանը և դատողություններ կանեն նմանությունների ու հարաբերությունների հիման վրա:
Կան նաև տարբերություններ ընկալման դատողությունների և հիշողության առաջադրանքների կատարման միջև: Օրինակ՝ մի հետազոտության մասնակիցներին առաջարկել են նկարագրել, թե ինչ են տեսել ստորջրյա ակվարիումում։ Ամերիկացիներն ընդգծել են կիզակետային օբյեկտները՝ մեծ, պայծառ գույներով և արագաշարժ: Իսկ ճապոնացիները 60%-ով ավելի շատ են տեղեկատվություն փոխանցել ֆոնի մասին՝ քար, ջրի գույն, փոքր, անշարժ առարկաներ, քան ամերիկացիները:
Եվս մեկ փորձարկման ժամանակ նախ ցուցադրվել է ռեալիստիկ ֆոնով տեսարան, որի դիմաց եղել է կիզակետային միայն մեկ կենդանի։ Տեսարանը դիտելուց հետո ֆոնը պարբերաբար փոփոխվել է, իսկ առաջադրանքն այն էր, որ ճապոնացիներն ու ամերիկացիները հին և նոր ֆոների տարբերությամբ կենդանու ճանաչողական դատողություններ անեին: 2 խմբերն էլ բավականին ճշգրիտ էին նկարի սկզբնական (ռեալիստիկ) ֆոնի դեպքում: Սակայն ֆոնի փոփոխությունից հետո ամերիկացիներն էին ավելի ճշգրիտ դատողություններ անում կենդանու մասին: Տեղի ունեցածի հավանական մեկնաբանությունն այն է, որ ի համեմատություն ամերիկացիների՝ ճապոնացիները տեսարանը կոդավորում են հոլիստիկ կերպով՝ օբյեկտի մասին տեղեկատվությունը կապելով ֆոնին, ուստի նոր, անծանոթ ֆոնը ծանոթ կենդանուն վերհիշելու վրա բացասաբար է ազդում:
Օբյեկտին և կոնտեքստին ուշադրություն դարձնելու տարբերությունները բացահայտվել են նաև ընկալման դատողությունների առաջադրանքում՝ (ձողի և շրջանակի թեստ): Հետազոտվող 2 խմբերին ցուցադրվել է երկարավուն արկղ, որի հատակին շարժական ուղղահայաց ձող էր ամրացված, իսկ ձողի շուրջ կար նաև մի շրջանակ, որը ևս կարող էր շարժվել՝ ձողից անկախ։ Մասնակիցների առաջադրանքն էր գնահատել, թե երբ է ձողն ուղղահայաց դիրքում: Չինացիների դատողությունները, ի համեմատություն ամերիկացիների, ավելի շատ վերաբերում էին կոնտեքստին, այսինքն՝ կախված էին շրջանակի դիրքից:
Այս բացահայտումն ունի առնվազն երկու հավանական բացատրություն․ մի կողմից ասիացի մասնակիցներն ավելի մանրամասն պատկերացումներ ունեին ֆոնի, իսկ ամերիկացիները՝ կիզակետային օբյեկտների վերաբերյալ, մյուս կողմից՝ մտավոր պատկերացումները մշակույթից կախված չէին, իսկ 2 խմբերի միջև տարբերությունները ֆոնի/կիզակետային օբյեկտի մտավոր պատկերացումների և ազդակի միջև շեղումը հայտնաբերելու ճշգրտության հարցում էին։ Ակնհայտ է, որ կային տարբերություններ երկու խմբերի պատճառահետևանքային ընկալման, հիշողության և դատողությունների ուսումնասիրության միջև: Սակայն պարզ չէ՝ դրանք ի հայտ են գալիս կոդավորելու, վերհիշելու, մտավոր համեմատության թե կողմնակալ մեկնաբանության տարբերությունների մակարդակով:
Բացահայտելու համար ընկալման գիտակցական պրոցեսների փուլերը, որտեղ կարող են մշակութային տարբերություններ առաջանալ, նախ հասկանանք, թե ինչ է նշանակում տեսարանի ընկալում: Տեսարանի առաջին դիտման 100 մվրկ-ների ընթացքում մարդը կարող է կոդավորել տեսարանի էությունը, օրինակ՝ «խնջույք», «շինություն», իսկ հետո իր աշխատանքային հիշողությունում արդեն կառուցում է տեսարանի մտավոր մոդելը: Մտավոր ներկայացուցչությունը օրիգինալ տեսարանի ճշգրիտ արտապատկերումը չէ և մանրամասն դիտարկման տեսանկյունից սովորաբար բավականին թերի է: Թեև առաջին ֆիքսումները գուցե կապված չլինեն տեսարանի մտավոր կառուցման հետ, հաջորդ ֆիքսումներն ուղղվում են առաջադրանքը կատարելու համար ամենաշատ տեղեկատվությունը պարունակող շրջաններին։ Ֆիքսումների դիրքը կարևոր է, քանի որ կենտրոնական փոսիկի (եթե հայացքով ֆիքսենք ոչ մեծ առարկա, ապա դրա արտացոլումը ուրվագծվում է ցանցաթաղանթի դեղին բծում․ այդ ժամանակ մենք առարկան կենտրոնական տեսողությամբ ենք տեսնում) շրջանները ամենայն հավանականությամբ ավելի մանրամասն կկոդավորվեն, քան ծայրամասային շրջանները: Այնուհետև մտավոր պատկերացումը տեղափոխվում և ամրապնդվում է երկարատև հիշողությունում: Երկարատև հիշողությունից վերարտադրության ժամանակ վերհիշված տեղեկատվությունը կարող է ֆիլտրվել՝ ըստ փորձարարական պահանջների և մշակութային ակնկալիքների: Նախկին ուսումնասիրությունները չեն կարողացել պարզել՝ արդյոք էֆեկտները պայմանավորված են ընկալման տարբերության, կոդավորման, կոնսոլիդացման, վերհիշման, համեմատական դատողությունների, թե կողմնակալ հաշվետվության տարբերություններով:
Այս խնդիրը լուծելու համար կատարվել է ամերիկացիների և չինացիների մասնակցությամբ ևս մեկ ուսումնասիրություն, որի ընթացքում հետևել են նրանց աչքերի շարժումներին, երբ վերջիններս հարաբերականորեն ավելի բարդ ֆոնի վրա առարկաներ պարունակող տեսարաններ էին դիտում։
Տեսարաններից յուրաքանչյուրի դիտման ժամանակ չինացիների մոտ ավելի շատ ֆիքսումներ են գրանցվել, քան ամերիկացիների մոտ, սակայն դա միանգամայն պայմանավորված էր նրանով, որ չինացիներն ավելի շատ էին ֆիքսում ֆոնը: Դե իսկ ամերիկացիները չինացիներից 118 մվրկ ավելի շուտ էին ֆիքսել կիզակետային օբյեկտները: Ամփոփելով կարող ենք ասել, որ հիշողության ուսումնասիրության մշակութային տարբերությունն արտացոլվել է նաև աչքերի շարժումներում
Մշակութային տարբերությունների ժամանակային ընթացքն ավելի լավ հասկանալու նպատակով կատարվել են նաև ֆիքսման օրինաչափությունների ուսումնասիրություններ տարբեր նկարների՝ 3 վայրկյան տևողությամբ դիտումների միջոցով: Այն դեպքում, երբ ամերիկացիներն ամենայն հավանականությամբ առաջին վայրկյանի 600 մվրկ-ի ընթացքում նայում էին օբյեկտին, չինացիների մոտ աչքերի շարժումների տարբեր օրինաչափություններ էին գրանցվում։
Առաջին 300-400 մվրկ-ում մշակութային տարբերություններ չեն նկատվել․ 2 խմբերն էլ սկզբում ավելի շատ ֆիքսել են ֆոնը, քան կիզակետային օբյեկտները։ 420 մվրկ անց ամերիկացիները հակված էին հավասարապես նայելու և՛ ֆոնին, և՛ կիզակետային օբյեկտներին: Այս կետում գրանցվել է ֆիքսումների և մշակութային շրջանների փոխազդեցություն․ միայն թե չինացիներն ավելի շատ ֆիքսել են ֆոնը, քան կիզակետային օբյեկտները: Կիզակետային օբյեկտներին ամերիկացիները սկսել են նախապատվություն տալ դիտման 420-1,100 մվրկ-ների ընթացքում։ Միջինացնելով ստացված տվյալները՝ կարող ենք ասել, որ ամերիկացիները համամասնորեն ավելի շատ ֆիքսել են օբյեկտները, քան ֆոնը, ինչը ճշմարիտ չէ չինացիների դեպքում․ չի եղել որևէ պահ, երբ 3 վայրկյանանոց ներկայացման ընթացքում չինացիները կիզակետային օբյեկտները ֆոնից նշանակալիորեն շատ ֆիքսեին։ Ըստ 1,100-3,000 մվրկ-ներին վերաբերող միջին տվյալների՝ չինացիներն ավելի շատ նայել են ֆոնին, քան առարկաներին, ինչը չենք կարող ասել ամերիկացիների մասին։ Այս հետազոտության արդյունքները ակնհայտ են դարձնում, որ աչքերի շարժման օրինաչափությունների մշակութային տարբերությունները արտացոլում և հիմնավորում են դատողության և հիշողության առաջադրանքների մշակութային տարբերությունները։
Ամփոփելով կարող ենք ասել, որ աչքերի շարժումները կարող են տարբերվել՝ որպես մշակույթի ֆունկցիա։ Աչքերի շարժման, տեսարանի հիշողության և ընկալման պատճառահետևանքային դատողությունների մշակութային տարբերությունները կարող են ունենալ մի քանի սկզբնաղբյուր, ներառյալ՝ փորձի վրա հիմնված և սոցիալիզացման տարբերությունները։ Ընդունված է այս գործոնները բարձագույն գիտակցական համարել, սակայն քանի որ դրանք կարող են ներգործել ուշադրության տեղաբաշխման վրա, նրանք ազդում են նաև ճանաչողության ավելի ցածր մակարդակի վրա։
Գալիս ենք այն եզրահանգմանը, որ կոնտեքստին և կիզակետային օբյեկտին հատկացված ուշադրության տարբերությունները ընդգծված են սոցալիզացման պրակտիկաներում, ինչը կարող ենք նկատել նաև Արևելքում ու Արևմուտքում երեխաների դաստիարակման մոտեցումներում։ Արևելյան Ասիայի բնակիչներն ապրում են սոցիալական համեմատաբար բարդ համակարգում՝ հստակ սահմանված դերային հարաբերություններով։ Ուստի ուշադրությունը կոնտեքստին կարևոր է արդյունավետ գործունեության համար: Ի հակադրումն դրան՝ արևմտացիներն ապրում են ավելի քիչ սահմանափակումներով սոցիալական աշխարհում, որտեղ ազատությունն առանձնակի կարևորություն ունի, ինչը թույլ է տալիս ավելի քիչ ուշադրություն դարձնել կոնտեքստին։
Այսպիսով կարող ենք ասել, որ տարբեր մշակույթների ներկայացուցիչներ կարող են ուշադրությունը բաշխել տարբեր կերպ, նույնիսկ եթե նրանք բնակվում են ընդհանուր միջավայրում․ աշխարհի տարբեր ասպեկտները մարդիկ տարբեր կերպ են տեսնում։
0 Comments