Խոսենք ուսուցման պրոցեսի մասին, թե ինչպես է հուզական ուսուցումը (emotional learning) էականորեն ազդում մեր ֆինանսական որոշումների վրա:

Նախ մենք պետք է հաշվի առնենք, որ հուզական արժեքները մոդուլավորում են մեր օրգանիզմի ներքին կարգավիճակը, օրինակ՝ քաղցը:

Նկարում տեսնում ենք կերակրվող կենդանուն, որի ստամոքսը միաժամանակ դատարկում են: Ինչպե՞ս կենդանին կփոխի իր վարքը Ձեր կարծիքով: Սովորաբար կենդանին դադարում է ուտել 10 րոպե անց, բայց եթե ստամոքսը դատարկվի, նա կշարունակի ուտել։ Սա նշանակում է, որ պարգևը առաջ է գալիս ուտելիքի միջոցով զգայական համակարգի ազդանշանով, իսկ հագեցվածությունը՝ սննդի սպառումից եկող ներքին ազդակներից: Այսպես, մեր օրգանիզմի պատասխանը, օրգանիզմի ներքին կարգավիճակը մոդուլավորում են արժեքը: Սա նաև բացատրում է այն, որ մեր արժեքները մոդուլավորվում են օրգանիզմի հուզական պատասխաններից: 

Մենք արդեն խոսել ենք ուղեղի՝ գնահատման պրոցեսում ներգրավված կարևոր շրջանների դերի մասին․ պոչավոր կորիզը (նաև զոլավոր մարմնի փորային հատվածը) ծածկագրում է կանխատեսվող արժեքը, հարճակատային կեղևը ինտեգրում,  ճանաչում և սովորում է արժեքները: Այս կոնտեքստում ավելացնենք նաև նշաձև կորիզը և դրա կարևորագույն դերը հուզական ուսուցման մեջ: Այն փոքր շրջան է լիմբիական համակարգում, գտնվում է հիպոկամպի կողքին։ Այս շրջանը կարող ենք անվանել հուզական համակարգիչ (emotional computer)։ Նշաձև կորիզը մեծ հաշվով ներգրավված է վախի հակազդումներում, առանց այս շրջանի կենդանին չի կարող սովորել, որ կոնկրետ խթանը «ցավոտ» արդյունք է կանխատեսում: Այսպիսով, այս շրջանը հաշվարկում է տարբեր խթանների ներգործությանը պատասխանելու համար «վճարման գինը»։ Այս շրջանը չափազանց կարևոր է, քանի որ այն կարող է ստեղծել ակնթարթային հակազդում վտանգավոր խթանի նկատմամբ: Օրինակ՝ սովորաբար տեսողական տեղեկատվությունը սկզբում անցնում  է դեպի տեսաթումբ, ապա այստեղից տեղաբաշխվում է տեսողական կեղևում, սակայն տեսաթումբը կարող է տեղեկատվությունը անմիջականորեն հաղորդել նշաձև կորիզին․ սա ինչ-որ ձևով տեղեկատվական դյուրանցում է, ինչը և առաջացնում է վարքային կոնկրետ պատասխաններ վտանգավոր իրավիճակներում, ինչպես նաև սովորում է պոտենցիալ «վճարման գինը» կոնկրետ խթանի համար, ուստի այն նաև պատասխանատու է հուզական երանգավորում ունեցող հիշողության համար: 


0 Comments

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *